Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)

Հարություն Դավթյան

Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը և իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեց: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԻԻՀ ԲԳԱ անդամ, ԻԻՀ ԳԱ պատվավոր անդամ, ազգային և հասարակական գործիչ Հարություն Դավթյանը:


Հարություն (Հարմիկ) Դավթյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 21-ին, Թեհրանում: 1936 թ. ավարտել է Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցը, իսկ 1942-ին` Թեհրանի ամերիկյան քոլեջը: 1948 թ. ավարտել է Թեհրանի համալսարանի (ԹՀ) բժշկական ֆակուլտետը և 1950 թ. ստացել բժշկության դոկտորի տիտղոս: 1950-87 թթ. աշխատել է ԹՀ բժշկական ֆակուլտետի հոգեբուժության բաժնում, որպես ասիստենտ, պոլիկլինիկայի վարիչ, պրոֆեսորի օգնական, պրոֆեսոր, բաժնի վարիչ: 1955 թ. ԹՀ-ի կողմից ստացել է «մասնագետ հոգեբույժի» տիտղոս: 1958 թ. նույն տիտղոսին արժանացել է նաև Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի կողմից: 1967-72 թթ. ԹՀ-ի առողջապահական ֆակուլտետում դասավանդել է մտային առողջապահություն: 1970-74 թթ. եղել է ԹՀ բժշկական ֆակուլտետի վարչական խորհրդի անդամ, 1971-75 թթ.` գիտահետազոտական կոմիտեի անդամ: 1979-83 թթ. աշխատել է Թեհրանի «Ռուզբեհ» հոգեբուժական հիվանդանոցի կառավարիչ: 1959-73 թթ. հիմնադրել և հաջորդաբար եղել է Իրանի հոգեբուժական միության ատենադպիրը, իսկ 1996-ից` ԻԻՀ հոգեբուժական միության նախագահը: 1988-ից եղել է ԻԻՀ առողջապահության նախարարությանն առընթեր «Երկրի հոգեբուժական հոգեբանական կոմիտեի» նախագահը:


1993 թ. ընտրվել է ԻԻՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ: 1970-91 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության բաժնի փորձագետ: 1971-83 թթ. եղել է Հոգեբույժների համաշխարհային ընկերության կոմիտեի անդամ, 1977-85 թթ.` էթիկայի հանձնաժողովի անդամ, 1989 թ-ից` ռազմական հոգեբուժության բաժնի անդամ: 1970 թ-ից եղել է Անգլիայի Թագավորական ընկերության բժշկական բաժնի անդամ: Անգլիայի Հոգեբույժների թագավորական քոլեջի 100 հիմնադիր անդամներից մեկը ընտրվելու առթիվ արժանացել է «Հոգեբույժների թագավորական քոլեջի գիտական ընկերության հիմնադիր անդամի» տիտղոսին:


1998 թ. արժանացել է ԻԻՀ ԳԱ պատվավոր անդամի տիտղոսին:


1999 թ. Համբուրգում կայացած Հոգեբույժների միջազգային 11-րդ համագումարում Համաշխարհային հոգեբուժական ընկերության կողմից արժանացել է «Հոգեբուժության առաջնորդ» տիտղոսին:


Կազմակերպել է Կլոր սեղաններ, միջազգային գիտաժողովներ: Բազմաթիվ փայլուն ելույթներ է ունեցել տարբեր երկրներում կայացած միջազգային ու համաշխարհային գիտաժողովներում:


Գիտական աշխատությունները վերաբերում են հոգեկան հիվանդությունների կլինիկական տարատեսակների ուսումնասիրությանը, հոգեբուժության և բժշկական այլ մասնագիտությունների միջև եղած կապին, Իրանի հոգեբուժության պատմության հարցերին: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից են «Ընկճվածության ճանաչումը և բուժումը պարսկական մշակույթում» (Թեհրան, 2007) և «Իրանի հոգեբուժության պատմությունը» (Թեհրան, 2008) հիմնարար աշխատությունները:
Չնայած իր բազմազբաղ գիտական, մանկավարժական ու կլինիկական գործունեությանը, գիտնականը ակտիվորեն մասնակցում էր իրանահայ համայնքի ազգային, մշակութային աշխատանքներին: Եղել է հայոց դպրոցների հոգաբարձության, Կենտրոնական հոգաբարձության (1970-74), Թեհրանի Հայոց թեմի, Թեմական խորհրդի (1986-88), Պատգամավորական ժողովի անդամ, հաճախ զբաղեցնելով ատենապետի պաշտոնը (1984-ից): Եղել է Հայ համալսարանականների ընդհանուր միության կենտրոնական վարչության և բժշկական բաժնի վարչության նախագահը, հայ բժիշկների միության հիմնադիր անդամներից մեկը: Բժշկական, հոգեբանական, մանկավարժական հոդվածներով հանդես է եկել տեղական և արտասահմանյան հայերեն պարբերականներում: Իրանի հայկական դպրոցներում Հայոց լեզվի դասավանդման համար կազմել է «Կարդա, գրիր» դասագրքերի շարքը, բաղկացած «Այբբենարան, մաս Ա», ՙ«Այբբենարան, մաս Բ» և «Գիրք առաջին» բաժիններից, որոնցով դասավանդվում են Իրանի հայկական դպրոցներում 1965 թ-ից ի վեր:
2006 թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ, պրոֆեսորին պարգևատրել է Մխիթար Հերացու շքանշանով և ՀՀ նախագահի պատվոգրով:


Իրանահայ բժշկական հանրությունը այս տարի արդեն երկրորդ անգամ դժբախտություն ունեցավ կորցնելու իր երևելի հոգեբույժ մասնագետին, ողբերգականորեն զոհված Լևոն Դավթյանից հետո, իրանական հոգեբուժության նահապետի հանկարծամահ լինելը մի նոր ծանր հարված էր ինչպես Իրանի բժշկագիտությանը, այնպես էլ իրանահայ համայնքին:


Դոկտոր Հարություն Դավթյանի մահը խորը կսկիծով ընդունեցին նաև նրա հայաստանցի բազմաթիվ գործընկերներն ու բարեկամները:
Հանգուցյալ պրոֆեսոր Դավթյանի, սիրելի դոկտոր Հարմիկի մահվան կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում տիկնոջը` Հռիփսիմեին, դստերը` Շաքեին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, և հավատացնում, որ Դոկտորի հիշատակը ընդմիշտ կնա մեր սրտերում:

Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր

1921 թ. նոյեմբերի 16-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական կոմիսարիատի խորհուրդը որոշում է ընդունում հոգեկան հիվանդների նկատմամբ...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից
Հոգեբուժական ծառայության պատմությունը Արցախում

Ինչպես ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում հոգեբուժական հիմնարկները և ծառայությունները բուռն զարգացում ապրեցին XX դարի երկրորդ կեսին...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից
Դիսմորֆոֆոբիան օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների շրջանակում

Հանգուցային բառեր. օբսեսիվկոմպուլսիվ խանգարումներ, դեռահասային տարիք, դիսմորֆոֆոբիա, կոմորբիդություն, դեպրեսիա
Օբսեսիվկոմպուլսիվ և դիսմորֆոֆոբիկ խանգարումների փոխհարաբերության և պատճառահետևանքային կապերի հետազոտությունը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Մեթադոնային փոխարինող բուժումն արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ: Մեթադոնի ցավազրկող ազդեցությունը հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941թ. սեպտեմբերի 11ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ